Պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի նվիրական երազանքը հայրենի եզերքում կրթօջախ հիմնելն էր, ինչը հնարավոր եղավ իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ազդարարվեց Գավառի պետական համալսարանի ծնունդը: Համալսարանի հիմնադրման գործում անգնահատելի աջակցություն ցուցաբերեց Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Համախմբվեցին նվիրյալ դասախոսներ ու աշխատակիցներ, և աստիճանաբար համալսարանը կայացավ, ինքնահաստատվեց Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում և Գեղարքունիքի մարզում ձեռք բերեց ոչ միայն գիտական, կրթական, մշակութային, այլև սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական կարևոր նշանակություն: Համալսարանում մեկը մյուսի հետևից բացվեցին նոր ֆակուլտետներ ու ամբիոններ, ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ կառուցվածքային ստորաբաժանումները: Այսօր համալսարանում իրականացվում են առկա և հեռակա կրթական ծրագրեր, կազմակերպվում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներ, ընդլայնվում է արտաքին համագործակցության ուղեծիրը: Գավառի պետական համալսարանը դինամիկ զարգացող բուհ է, որը ժամանակի հրամայական պահանջներին համապատասխան ծավալում է ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական գործունեություն, ապահովում որակյալ կրթություն, պատրաստում մրցունակ մասնագետներ:

Բեռնում 0%
Մեր հասցեն

ք.Գավառ, Հրանտ Հակոբյան փ.1
Հեռախոս`
(374264) 2 57 75
(060) 46 12 99
(060) 46 02 01
Ֆաքս` (060) 46 02 01
Էլ. փոստ` info@gsu.am

ԳՊՀ էլեկտրոնային փոստերի համակարգ

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գլխավոր >> ԳՊՀ-ի մասին>>Ռեկտորի խոսքը


ԾՐԱԳՐԵՐ, ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Երրորդ հազարամյակում ձևավորված առաջատար սոցիալական համակարգերը բնորոշվում են որպես տեղեկատվական, կրեատիվ հասարակություն` հիմնված գիտատար տնտեսության, նորարարության, բարձր տեխնոլոգիաների վրա: Այսօր առաջնային արժեք ու շարժիչ ուժ են գիտելիքը, գիտական, ստեղծարար միտքն ու մտավոր կարողությունները: Ուստի, հասարակության ու պետության կյանքի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար պահանջվում են խորը գիտելիքներով զինված, որակյալ մասնագետներ: Իսկ դա նշանակում է, որ կրթական հաստատությունները ավանդական հատկանիշներից բացի, պետք է ձեռք բերեն արդիական որակներ, բարեփոխվեն, կիրառեն արդյունավետ գործիքներ` համապատասխանելով ժամանակի պահանջներին:
Հենց այս գիտակցումով է աշխատում Գավառի պետական համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը` ձեռնարկելով համալիր և շարունակական միջոցներ կրթության որակի ապահովման, Բոլոնյան հռչակագրի սկզբունքների իրականացման ուղղությամբ:

Համալսարանում դասավանդվող բոլոր մասնագիտությունների գծով վերանայվել ու բարելավվել են կրթական ծրագրերը, բազային և աշխատանքային ուսումնական պլանները: Նոր ձևաչափով և կրթական ելքային արդյունքների մատնանշումով վերակազմվել, քննարկվել ու հաստատվել են բոլոր առարկայական ծրագրերը: Ծրագրերում ըստ կիսամյակների և մոդուլների նախանշվել է գիտելիքների, հմտությունների ու կարողությունների այն ծավալը, որին ուսանողը պետք է տիրապետի դասընթացի ավարտին: Ստեղծվել են մասնագիտությունների տեղեկագրքեր, կազմվել ու հրապարակվել են դասախոսի և ուսանողի, ինչպես նաև դիմորդի ուղեցույցերը: Ամբողջովին թարմացվել են կրթական գործընթացի նորմատիվ-փաստաթղթային, մեթոդաբանական հիմքերը: Մշակվել և ընդունվել, ինչպես նաև լրամշակվել ու նոր խմբագրությամբ համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատվել են ավելի քան հիսուն կանոնակարգեր ու ընթացակարգեր, որոնք կրեդիտային համակարգի սկզբունքներին համապատասխան կարգավորում են ուսումնական գործընթացի բոլոր փուլերը, ինչպես նաև սահմանում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները: Բուհի կառավարման մարմիններում ընդգրկված են պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Գործում են արդյունավետ հետադարձ կապեր գիտական խորհրդի, ռեկտորատի, դեկանատների, ամբիոնների, ուսանողների, ինչպես նաև ծնողական համայնքի միջև: Բուհի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման նպատակով ստեղծվել են որակի ապահովման և հանրության հետ կապերի ու լրատվության բաժիններ, կատարվել է իրավասությունների և պատասխանատվության հստակ տարանջատում, միջոցներ են ձեռնարկվել համալսարանի ստորաբաժանումները կադրային, նյութատեխնիկական, տեղեկատվական և այլ անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու, նրանց անխափան և փոխհամաձայնեցված աշխատանքը համակարգելու և բուհի ռազմավարական խնդիրների լուծմանն ուղղորդելու համար:
ԳՊՀ-ն անցում է կատարել ամբողջովին կրեդիտային սկզբունքներով կազմակերպված երկաստիճան կրթական համակարգին: Համապատասխանաբար, ներդրվել են կրթության կազմակերպման նոր կառուցակարգեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ,սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման արդի ձևեր ու մեթոդներ : Անխախտ պարբերաշրջաններով կազմակերպվում է ուսումնական գործընթացը առկա և հեռակա ուսուցման համակարգերում: Հետևողական աշխատանք է տարվում ուսանողների հետ` ուղղված կրթության նկատմամբ գիտակից ու պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, աշխատասիրության, ընթերցասիրության, ջանադիր ուսումնառության, բարձր ակադեմիական առաջադիմության խրախուսմանը:
Կրթության որակի ապահովման նպատակով համալրվել է դասախոսական կազմը, ներգրավվել են ինչպես հմուտ, փորձառու, այնպես էլ երիտասարդ մասնագետներ, միջոցներ են ձեռնարկվում պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի վերապատրաստման ու որակավորման բարձրացման ուղղությամբ: Կարևորվում է դասախոսների ոչ միայն մասնագիտական, մանկավարժական, այլև գիտահետազոտական գործունեությունը, նրանց մասնակցությունը հանրապետական և միջազգային գիտաժողովներին: ԳՊՀ-ում նախորդ տարում անցկացվել է տասներկուերորդ հոբելյանական գիտաժողովը` նվիրված մեր մեծ հայրենակից, Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի գլխավոր կոնստրուկտոր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ-ում ատոմային և ջրածնային զենքի ստեղծման ու փորձարկման գործում անուրանալի ավանդ ունեցած նորբայազետցի Սամվել Քոչարյանցի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովի նյութերը հրատարակվել են: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում` տասներեքերորդ գիտաժողովի կազմակերպման նպատակով: Հաջողությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել ԳՊՀ բանասիրական և բնագիտական ֆակուլտետների երեք գերազանցիկ շրջանավարտներ, որոնք համալսարանի նույն ֆակուլտետների դասախոսներ են:
Գավառի պետական համալսարանը ակտիվորեն համագործակցել է Որակի ապահովման ազգային կենտրոնի հետ, կատարել բազմաթիվ փաստաթղթերի նախագծերի փորձաքննություն, փորձարկել բուհերի հավատարմագրման գործընթացի համար անհրաժեշտ ինքնավերլուծության, որակի ներքին ու արտաքին ստուգման և գնահատման կառուցակարգերը: Կատարվել է բուհի գործունեության ուժեղ և թույլ կողմերի, հավանական վտանգների և հնարավորությունների համալիր (SWOT) վերլուծություն, գնահատել առկա ռեսուրսները և սպասվող մարտահրավերներին դիմակայելու նպատակով որդեգրել առավել ճկուն քաղաքականություն: Համալսարանում թարմացվել ու համալրվել է բուհի մատուցած կրթական ծառայությունների ցանկը, կիրառվում են գործունեության նոր ձևեր ու մեթոդներ: Ավելացել են «Հաշվապահական հաշվառում» և ՙԻրավագիտություն՚ մասնագիտությունները` հեռակա ուսուցման ֆակուլտետում: ԳՊՀ-ն իրականացնում է երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր, շարունակական կրթության համակարգում առաջարկում լրացուցիչ կրթական ծառայություններ, մասնավորապես, կազմակերպում օտար լեզուների, համակարգչային, նկարչական, տպագիր և էլեկտրոնային լրագրության հիմունքներին նվիրված դասընթացներ: Մի շարք նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով պատրաստվում են լիցենզիոն փաստաթղթերի փաթեթներ: Համալսարանը մասնակցել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստող կազմակերպությունների մրցույթին և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել է` կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ:
Բուհում կարևորվում է ուսանողների և դասախոսների ակադեմիական շարժունակությունը, ինչին նպաստում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ERASMUS MUNDUS. Արտաքին համագործակցության պատուհան» ծրագիրը: Բուհը Հայաստանի Հանրապետությունում մանկավարժական, ինչպես նաև լեզվաբանական կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջբուհական կոնսորցիումների հիմնադիր անդամներից է: ԳՊՀ-ն համագործակցում է պետական և հասարակական ինստիտուտների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, գիտակրթական, երիտասարդական, մշակութային կառույցների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասնյակների հետ, տարեց տարի ընդլայնում իր արտաքին կապերն ու համագործակցության շրջանակները այն խորին համոզմամբ, որ զարգացում ու առաջընթաց են ապահովում միայն բաց, թափանցիկ համակարգերը: Իսկ այդ համակարգի կարևոր դերակատարներն են ուսանողները, որոնց հայրենասիրական, քաղաքացիական, գեղագիտական, մշակութային, բարոյական դաստիարակության նպատակով բուհում պարբերաբար կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ցերեկույթներ, քննարկումներ ու բանավեճեր, խրախուսվում են ակտիվ ուսանողները, կիրառվում են ուսման վարձավճարի զեղչեր, իրականացվում սոցիալական օժանդակության տարբեր ծրագրեր:Համալսարանում կայացել են ուսանողական ինքնակառավարման մարմինների` ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ընտրություններ, ակտիվացել է նրանց գործունեությունը:Ուսանողներն աստիճանաբար ստանձնում են իրենց ուսման և ազատ ժամանցի կազմակերպման պատասխանատվությունը, մասնակցում ԳՊՀ ակադեմիական ազնվության հայեցակարգի պահանջների և բուհում գործող կարգապահական նորմերի կենսագործմանը: Համալսարանում ձևավորվել է աշխատանքների կազմակերպման որոշակի մշակույթ, որը միավորում է կրթական գործընթացի բոլոր դերակատարներին, ֆակուլտետներն ու ամբիոնները, ինչպես նաև ներառում գործատուների, գործընկեր կազմակերպությունների, այլ շահառուների հետ հարաբերությունները: Ծագած բոլոր խնդիրները լուծվում են բաց քննարկումների, տարբեր կարծիքների ու դիրքորոշումների հաշվառման և լավագույն տարբերակի ընտրության ճանապարհով: Գիտական խորհրդի և ռեկտորատի նիստերի ընթացքում ծավալվում են շահագրգիռ քննարկումներ, ընդունվում կոլեկտիվ որոշումներ համալսարանի ընթացիկ և հեռանկարային զարգացման ծրագրերի վերաբերյալ: Համալսարանում բարելավվել է կրթական միջավայրը, հարստացել նյութատեխնիկական բազան, համալրվել են գրադարանն ու ընթերցասրահը: ԳՊՀ-ում գործում է ներբուհական տնտեսության կազմակերպման, ֆինանսական, նյութատեխնիակական միջոցների տնօրինման հստակ ու թափանցիկ համակարգ: Աշխատանքներ են կատարվում համալսարանում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և գործավարության կազմակերպման, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ: Բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, սակայն համալսարանում աշխատում է համախոհների նվիրյալ կոլեկտիվ, որն ունի մեծ ներուժ և անգամ սահմանափակ հնարավորությունների պայմաններում կարող է ստեղծագործ ու նպատակասլաց աշխատանքով ապահովել ցանկալի արդյունք:
Քսանմեկերորդ դարում համալսարանները ոչ միայն պետք է ստանձնեն որակյալ մասնագետների պատրաստման, գիտելիքների փոխանցման ու վերարտադրության առաքելությունը, այլև պետք է դառնան գիտահեն հասարակության առանցքն ու առաջմղիչ ուժը:

Ռ. Խ. ՀԱԿՈԲՅԱՆ
Գավառի պետական համալսարանի ռեկտոր